Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին՝ շարունակվող ցույցերի ֆոնին

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ 
հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին՝ շարունակվող ցույցերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հերթական հանրահավաքն են անցկացնում մայիսի 12-ից։ Նրանք խորհրդարանին են մոտեցել Ռուսթավելի պողոտայով և գիշերը մնացել այնտեղ, որպեսզի մայիսի 13-ի առավոտյան պատգամավորներին խանգարեն սկսել նախաձեռնության երրորդ ընթերցմամբ քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է խորհրդարանի ծառայողական մուտքերից: Ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Դրա դեմ հանդես են եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ օրինագծի նպատակը  երկրի ակտիվ քաղաքացիական հասարակության խաթարումն է:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդում են, որ օրինագիծը ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների՝ արտասահմանից ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների․ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրանետիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]